Այսօր մամոլում լուրեր էին տարածվել այն մասին, որ հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ է: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ջրծաղիկի դեպքեր են գրանցվել Հրազդանի դպրոցներում: ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս ջրծաղիկի առանձին դեպքեր են արձանագրվում, սակայն ձեռնարկված վերահսկման միջոցառումների շնորհիվ դրանք համաճարակային բռնկման չեն վերածվում:
Մանկական կազմակերպություններում տեղային բռնկումներ չեն արձանագրվել, այլ դիտվում են հատուկենտ դեպքեր: Հրազդանի թիվ 6 դպրոցում ևս «համաճարակ» չկա։ Այստեղ նոյեմբերին արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության 8 դեպք, ինչը օրինաչափ է` նկատի ունենալով հիվանդության սեզոնային բարձրացումը:
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները փաստում են, որ 2012թ-ին հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են ելնելով համաճարակաբանական օրինաչափություններից և ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը: