29 նոյեմբերի 2012 - 16:46 AMT
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այցելեց Գյումրի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կառավարությանը սկսած 1988թ -ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքին ցուցաբերված օժանդակության համար և հակիրճ ներկայացրեց քաղաքի զարգացման սեփական տեսլականը, ինչպես նաև այս պահին քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու անհետաձգելի լուծում պահանջող հարցերը:

Պատասխան խոսքում դեսպան Ռենոն շնորհավորեց Սամվել Բալասանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջինիս պաշտոնավարման շրջանում Գյումրու քաղաքապետարանի և դեսպանատան միջև առկա հարաբերություններն ավելի կխորանան: Այնուհետև կողմերը անցան առանձին հարցերի շուրջ մտքերի փոխանակմանը, շոշափվեցին նաև Գյումրու և ֆրանսիական քաղաքաներից մեկի միջև երկկողմ հարաբերություններ սկսելու հեռանկարի հետ կապված հարցեր: