Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀԱԿ գրասենյակից, դիմումի նպատակն է բացահայտել ՀՀ Ազգային ժողովի փոքրամասնության՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու լիազորության սահմանադրական բովանդակությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասել է, որ սա սկզբունքային հարց է: Բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր նիստի տապալումը դիտարկում են որպես իրենց սահմանադրական իրավունքի ոտնահարում, Լևոն Զուրաբյանը կոչ է անում ստորագրել այս ձևաթղթի տակ:
Նա նաև հայտնել է, որ ՀԱԿ-ն այս հարցի վերաբերյալ խորհրդակցություններ է նախաձեռնել խորհրդարանական խմբակցությունների հետ, դրանց արդյունքները Զուրաբյանը չի ներկայացրել:
ՍԴ-ին ՀԱԿ դիմումի մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-մասը արտահերթ նստաշրջանի և արտահերթ նիստի քվորումի մասով հակասում է ՀՀ Սահամանդրության 70 և 71-րդ հոդվածներին:
ՀԱԿ-ը ՍԴ-ից հայցում է որոշել ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ԱԺ փոքրամասնության կողմից նախապես որոշված օրակարգով ու ժամկետում արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու խնդիրը: « ՀՀ Սահմանադրական դատարանին խնդրում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 և 71-րդ հոդվածներին»,- ասված է ՀԱԿ-ի դիմումում: