2 հունիսի 2005 - 13:14 AMT
Չ.ՀԵՅԳԵԼԸ ՆՇԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելին եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության փոխհրամանատար Չարլզ Ուոլդին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգանում են`ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Իր հերթին սենատոր Հեյգելը նշել է վերջին մի քանի տարիներին երկկողմ կապերում զգալի առաջընթացը եւ կարեւորել է այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Նա եւս մեկ անգամ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ցուցաբերած աջակցության կարեւորությունը եւ նշել, որ հայ խաղաղապահները մեծ պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առաքելությունը Կոսովոյում եւ Իրաքում: Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումները: