10 դեկտեմբերի 2012 - 16:35 AMT
Ժամանակակից իտալական կինոյի շաբաթ` Համազգային թատրոնում

Դեկտեմբերի 18-23 Երևանի Համազգային պետական թատրոնում կանցկացվի Ժամանակակից իտալական կինոյի 3-րդ շաբաթը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից` Համազգային պետական թատրոնի հետ համագործակցությամբ: Նախաձեռնությունը նպատակ ունի հայ հանդիսատեսին ծանոթացնել ժամանակակից իտալական կինեմատոգրաֆիայի ամենանշանավոր կինոնկարներին` անգլերեն լուսագրերով (սուբտիտր):

Ժամանակակից իտալական կինոյի շաբաթը կմեկնարկի Համազգային պետական թատրոնում դեկտեմբերի 17-ին` երեկոյան 18:00-ին, կինոքննադատ Սառա Նալբանդյանի ելույթով, որին կհաջորդի երիտասարդ երաժիշտներ Լյուկա Կոլանտոնիոյի և Տոմազո Արենայի ելույթը` Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբից կվինտետի նվագակցությամբ: Նույն առիթով համերգից հետո կբացվի հայ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը: