17 հունվարի 2013 - 09:51 AMT
«Ժողովուրդ». Պետկրկեսի ձին սիբիրախտից է սատկել. փորձաքննության եզրակացությունը

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է հայտնվել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից: Ասել է թե`սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք: Թերթը տեղեկացնում է, որ կրկեսի ձիերը պահվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: «Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, փորձել է ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը: «10-ից 10» համալիրի աշխատակից Խորենը թերթի հետ զրույցում համառորեն պնդել է, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր: Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց: «Ժողովուրդը» հավելում է, որ նշված ձիարշավարանը պատկանում է «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: