Հայկական և ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները, վերջիններս սեփական մեկնաբանությամբ, հղում տալով անանուն աղբյուրների, երեկվանից տեղեկություն են տարածում ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծիտարբեր հատվածներում ադրբեջանցիների իրականացրած դիվերսիոն միջոցառումներիմասին:
PanARMENIAN.Net-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ սահմանին ոչ թե դիվերսիոն միջոցառումներ, այլ ակտիվություն է եղել: Տեղեկությունը փոխանցողը խնդրեց չնշել իր անունը, հավելեց, որ գործի են դրվել նաև դիպուկահարներ, իսկ ամեն ինչ սկսվել է ադրբեջանցիների դիվերսիոն փոքր միջոցառումներից: Հայկական կողմը նախնական տեղեկություն ուներ նաև Ադրբեջանի պատրաստած լայնածավալ գործողությունների մասին: «Մեր գործողությունները պատժիչ էին` նրանց ավելի մեծ քայլերը կանխելու համար»- ասաց աղբյուրը և ավելացրեց, որ գիշերվա դեպքերից հետո մենք զոհեր չունենք:
Երեկվա ակտիվությունը ցույց տվեց, թե ինչքան պոպուլիստական են Ադրբեջանի` հզոր ռեսուրսների մասին հայտարարությունները: «Զիջում ենք քանակով, բայց որակով երևաց, թե որ կողմինն է առավելությունը», - ասաց նա:
Ստեփանակերտի զորամասերից դեպի դիրքեր զինվորների տեղափոխության մասին տեղեկությունը ևս հաստատվեց: «Դա պլանային տեղափոխություն կարելի է համարել: Շփման գիծ նման ակտիվության պայմաններում հատուկ ջոկատներն ապահովության համար են տեղափոխվում», - նշեց նա: