«Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքների արդիականացման 2013թ.-ի շրջափուլը սկսվեց այսօր` Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորքի 74 հասցեում գտնվող թիվ 0011 փոստային բաժանմունքի վերաբացմամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Վերաբացման արարողությանը մասնակցեցին Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ինչպես նաև` վարչական շրջանի բնակիչներ:
Վերաբացված փոստային բաժանմունքն ամբողջովին վերանորոգված, կահավորված և ձևավորված է` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի:
Այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերով նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին:
Փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման գործընթացը համաընդգրկուն ծրագիր է` ուղղված մատուցվող ծառայությունների որակի և աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավմանը:
Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: