6 փետրվարի 2013 - 16:00 AMT
Էկոնոմ դասի իսպանական հյուրանոցներ կարող են բացվել Հայաստանում

Վերջին տարիներին նկատվում է զբոսաշրջիկների ներհոսքի աճ Իսպանիայից: 2012թ. մեր հանրապետություն են այցելել 3000 իսպանացի զբոսաշրջիկներ, այդ միտումները շարունակում են աճել: Իսպանիայի հետ համագործակցությունը խթանելու համար, 2013թ. աշնանը Մադրիդում ու Իսպանիայի այլ քաղաքներում ակտիվ գովազդային արշավներ կանցկացվեն Հայաստանի մշակութային ժառանգության ու ներդրումային գրավչության մասին:

Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Մադրիդում «Ֆիտուր» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության արդյունքում: Այդ ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր էկոնոմիկայի նախարարության ու Իսպանիայի Թագավարության արդյունաբերության, էներգետիկայի ու զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության հարցերով քարտուղարության միջև:

Ինչպես ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հանդիպումներ են տեղի ունեցել իսպանական հյուրանոցային ցանցերի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև պետական SEGITTUR գործակալությունը: Կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Էկոնոմ դասի իսպանական հյուրանոցների հայկական շուկա դուրս գալու մասին:

Ավելին, Մադրիում «Ֆիտուր» միջազգային ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավարում ներկայացվել է մի ձեռնարկ, որտեղ ներառված է նաև Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը, որի հեղինակն է իսպանացի Խոսե Մարիա Կալը: 234 էջանոց ուղեցույցը կոչվում է «Հայաստան. Հպարտություն և կիրք»: