2 սեպտեմբերի 2005 - 11:23 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բեռնարդ Բոտը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների համատեքստում: Բ. Բոտը հայտարարել է այս մասին պատասխանելով մի քանի խմբակցությունների` Հայոց ցեղասպանությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների համատեքստում ճանաչելու կոչին: Բեռնարդ Բոտը վկայակոչել է բարիդրացիական հարաբերությունները պահպանելու եւ սահմանային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը, որն ընդգրկված է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու մասին փաստաթղթի նախագծում: Այն հարցին, թե արդյոք վերն ասվածը նշանակում է, որ փաստաթուղթը նախատեսում է նաեւ Թուրքիայի կողմից իր պատմության, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտություն` Բեռնարդ Բոտը դրական պատասխան է տվել` նշելով, որ դա համընդհանուր եվրոպական մոտեցում է, եւ Թուրքիան տեղեկացված է այդ մասին, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: