11 փետրվարի 2013 - 16:29 AMT
Քաղաքապետարանը կշարունակի պայքարել հասարակական տրանսպորտում վարորդների ծխելու դեմ

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհների կառուցման աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրություն դարձնել նաև հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման գործընթացին:

Զեկուցվել է նաև, որ մինչ շինբարեկարգման հիմնական ծրագրերի մեկնարկը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում շարունակվում են փոսալցման աշխատանքերը:

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման և հասարակական տրանսպորտում ծխող վարորդների հայտնաբերման մասով կազմվել են արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերի բացառման, ինչպես նաև բարձր երաժշտությունն արգելելու ուղղությամբ վերահսկողությունը:

Հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել նաև հատկապես բազմաբնակարան շենքերի նկուղային և առաջին հարկերում գործող ժամանցի կենտրոնների ժամը 24:00-ից հետո, օրենքով սահմանված կարգով, գործունեության պատշաճ կազմակերպումը. «Այս տարեսկզբին իմ կողմից հանձնարարվել է ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու թույլտվություն չտրամադրել այն ժամանցային կենտրոններին, որոնց ոչ պատշաճ կազմակերպած աշխատանքից կդժգոհի տվյալ շենքի կամ հարակից տարածքի թեկուզև մեկ բնակիչ: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիների կողմից, ինչը սակայն չի նշանակում, թե պետք է բավարարվենք կատարածով: Պատասխանատու բոլոր ծառայություններն այսուհետ էլ պետք է խստորեն հետևեն սահմանված նորմերի պահպանմանն ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին:» - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 32 ընտանիք, 37 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը, PanARMENIAN.Net-ին են հայտնել քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: