12 փետրվարի 2013 - 13:21 AMT
Բարելավվում են առողջապահության ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի առաջարկությունների փաթեթը, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրվել և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ են ներկայացվել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման ոլորտում:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից առաջարկություններ են ներկայացվել նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման, ինչպես նաև փրկարար ծառայողների, զինծառայողների, զինծառայողներին հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման վերաբերյալ:

Իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործընթացներ: