Իրանը բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, և մշակութային ոլորտներում պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Նա նշեց նաև, որ դեսպանությունը արդեն համագործակցում է Մշակույթի նախարարության հետ և համատեղ աշխատում է Երևանում գտնվող Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ –ի մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու համար: Մոհամմադ Ռեիսին նշեց, որ Իրանում արդեն հայկական երկու եկեղեցիներ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ –ի մշակութային հուշարձանների ցանկում: «Մենք շատ ակտիվորեն համագործակցում ենք Հասմիկ Պողոսյանի հետ և պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը»,-ասաց դեսպանը:
Մոհամմադ Ռեիսին նշեց նաև, որ իրանցիները կընդունեն հայերի օգնությունը թառը իրանական գործիք ճանաչելու հարցում: Ադրբեջանցիները հայտարարում են, որ այդ գործիքը ադրբեջանական ծագում ունի:
«Հայտնի է, որ թառը իրանական գործիք է և հազարավոր տարիների պատմություն ունի: Ադրբեջան պետությունը ստեղծվել է 1918 թվականին: Պարզ է, որ ոչինչ չունեցող պետությունները ամեն ինչ պետք է ուրիշներից վերցնեն», - նկատեց դեսպանը: