ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ֆրանսիայի, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի նախագահները:
«Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ընտրություններում ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ, բոլոր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող ձեր ջանքերին»,- ասված է Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում:
Նա վերահաստատել է, որ կանի հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման. «Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը»: