21 փետրվարի 2013 - 20:02 AMT
Հնդկաստանի նոր դեսպանը հավատարմագրերի պատճեն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս հայ-հնդկական պատմության խորքից եկող, ավանդական բարեկամական փոխհարաբերություններին և շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացմամբ:

Բաբուն խոստովանել է, որ ուշադրությամբ հետևել է նախագահական ընտրությունների ընթացքին և իր կառավարության անունից շնորհավորել է բարձր մակարդակով անցկացված ընտրությունների կապակցությամբ։ Դեսպանը վստահեցրել է, որ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների միջև գոյություն ունեցող կապերի էլ ավելի ընդլայնման և խորացման գործում:

Զրուցակիցները անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, այդ թվում քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերող հարցեր: