Մարտի 5-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում կայացավ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների մեծարման երեկո: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառման ընթացքում Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիսավոր պայմաններում Չեխիայի հայկական համայնքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ Սփյուռքի նախարարի պատվոգրեր հանձնեց չեխահայ մի շարք մշակութային և հասարակական գործիչներին:
Չեխիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի շնորհակալագրերով Չեխիայում ՀՀ դեսպանության հիմնադրման և գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Իր շնորհավորական խոսքում դեսպանը նշեց, որ «թեև ինստիտուցիոնալ առումով համայնքային կառույց դեռևս չկա, բայց այստեղ կա կայացած համայնք` իր ազդեցիկ ներկայացուցիչներով»: Նա կոչ արեց ներկաներին էլ ավելի համախմբվել հայոց պետականության և եկեղեցու շուրջ:
Շնորհակալական խոսքերով հանդես եկան պարգևատրվածները: Շատերը նշեցին, որ այս պարգևները պարտավորեցնող են և պատրաստակամություն հայտնեցին ավելի մեծ եռանդով շարունակելու իրենց աշխատանքները: Այնուհետև տեղի ունեցավ համերգ հայազգի երաժիշտների մասնակցությամբ, ինչպես նաև ընդունելություն: