Հայաստանում ՌԴ նոր դեսպանի նշանակումը կապված չէ Մաքսային միություն-Հայաստան հարաբերությունների հետ, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե դեսպանական, այլ նախագահական աշխատակազմերի մակարդակով: Ուստի դիվանագիտական այն խողովակները, որ օգտագործվում են արևմտյան երկրների և միջազգային կազմակերպությունների դեպքում, այստեղ այնքան էլ արդյունավետորեն չեն օգտագործվում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերգեյ Մինասյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների դեպքում, ըստ Սերգեյ Մինասյանի, որպես լծակ, կարող է աշխատել ոչ թե ռուսական, այլ արևմտյան և ԱՄՆ ուղղությունը: Եվ նոր դեսպանի նշանակումը լուրջ դեր չի կարող խաղալ հայ-թուրքական հարաբերություններում:
«Ինչպես ցույց է տալիս ֆուտբոլային դիվանգիտությունը, Ռուսաստանի ամենամեծ օգնությունը Հայաստանին այս բանակցային գործընթացում եղավ լուռ հետևելը: Արևմուտքն այստեղ ունի ավելի մեծ լծակներ, քան Ռուսաստանը, որը Թուրքիայի հետ հարաբերություններում ունի իր սեփական շահերն ու առանձնահատկությունները»,- ասաց քաղաքագետը:
Սերգեյ Մինասյանը նաև նշեց, որ աշխարհաքաղաքական հարաբերությունների առումով, դեսպանների փոփոխությունը Հայաստանի համար որևէ բան չի նշանակում, և դժվար թե մոտակա ժամանակներում մենք ինչ-որ բան տեսնենք` տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքական դիրքորոշման մասով, եթե, իհարկե, չլինեն աբխազական երկաթուղու վերագործարկման հետ կապված որոշ հարաբերություններ: