3 ապրիլի 2013 - 14:59 AMT
Հոգեբան. Անչափահասների մուտքը սոցցանցեր չի հսկվում, միակ դերակատարությունը մնում է ծնողներին

Անչափահասները գրանցվում են սոցցանցերում կեղծանուններով, սխալ են նշում իրենց տարիքը, տվյալները, ինչը մեծացնում է վտանգի, նույնիսկ քրեական պատմությունների մեջ ընկնելու հավանականությունը: Նման կարծիք հայտնեց ԵՊԲՀ դասախոս, հոգեբան Խաչիկ Գասպարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ոչ օրենսդրությունը և ոչ էլ սոցցանցերը չեն կարող վերահսկել կամ սահմանափակել անչափահասների մուտքը սոցցանցեր: Այստեղ միակ դերը մնում է ընտանիքին: Ծնողները պետք է տեղյակ լինեն երեխաների՝ սոցցանցերում գրանցված լինելու և այն ամենին, ինչ անում են նրանք»,-ասաց հոգեբանը և հավելեց, որ պետք չէ նրանց արգելել, քանի որ դա հակառակ ազդեցությունը կունենա, պարզապես պետք է վերահսկել, որպեսզի երեխան պատմությունների մեջ չընկնի:

Պատանիների կախվածությունը սոցցանցերից և համակարգչային խաղերից կարելի է նվազեցնել միայն ընտանեկան ջերմ մթնոլորտով, համոզված է Խաչիկ Գասպարյանը:

Անդրադառնալով այլ վատ ազդեցություններին, որ կարող է բերել համակարգիչը, հոգեբանն ասաց, որ խաղերն ու սոցցանցերը անչափահասների մոտ բերում են իրականությունից մեկուսանալուն, ազդում են ոչ միայն հոգեկան, այլ` ընդհանուր առողջության վրա: