18 ապրիլի 2013 - 14:47 AMT
ԿԸՀ-ն անվավարեր ճանաչեց ավագանու անդամի ՕԵԿ թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը: ՕԵԿ անդամը ինքնաբացարկի մասին դիմում էր ներկայացրել:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումը, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում գրանցված 6 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Քաղաքային իշխանության համար պայքարում է վեց կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: