Փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ ոստիկանությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին չճշտված լուրեր հրապարակելուց, կոնկրետ պաշտոնյաների անհեթեթ պատմություններ վերագրելուց, քանի որ դրանք անառողջ մթնոլորտ են ձևավորում»,- ասաց նա ու ավելացրեց, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ միշտ են լինում, բայց քանի դեռ դրանք չկան, պետք չէ կանխատեսումներ անել:
«Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել իր տեղակալ Ալեքսանդր Աֆյանին: Պատճառը, ըստ թերթի, այն է եղել, որ նա Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ հանդես է եկել դիտորդի դերում: Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի: