30 ապրիլի 2013 - 18:37 AMT
Վաշինգտոնում համերգով հանդես են եկել Աննա Մայիլյանը և Էթնո-վոկալ եռյակը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային և հոգևոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանի և Էթնո-վոկալ եռյակի համերգը:

Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հայ դասական, հոգևոր և ժամանակակից երգարվեստի նմուշներ, ինչպես նաև նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նույն օրը երեկոյան, ի պատիվ Աննա Մայիլյանի և Էթնո-վոկալ եռյակի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն: Հյուրերին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց մշակութային դիվանագիտության նշանակությունը՝ կարևորելով հայ արվեստի գործիչների և հայկական կառույցների դերակատարությունն ինչպես հայկական համայնքներում, այնպես էլ օտար լսարաններում հայկական մշակույթի և հայ արվեստի ներկայացման գործում: