Ամեն տարի մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայերը և վրացիները մեծ շուքով նշում են Սբ. Գևորգ զորավարի տոնը: Այս տարի ևս բացառություն չեղավ: Այսօր վաղ առավոտվանից մարդիկ ոտքով և մեքենաներով այցելում էին Սուխլիս գյուղում Սբ. Գևորգ զորավարի պատվին կառուցված մատուռ:
Ժողովրդի մի մասն էլ ուխտագնացություն կատարեց դեպի Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի մոտակայքում կառուցված Սբ. Գևորգ զորավարի մատուռ, որտեղ Հայր Հակոբ աբեղան տոնի առիթով մատուցեց Սբ. Պատարագ:
Պատարագի ավարտին շրջակա գյուղերից և քաղաքից ժամանած ուխտավորներին ուրախացնելու համար Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնը կազմակերպեց ազգագրական երգերի և պարերի բացօթյա համերգ, ինչը շատ դուր եկավ մատուռ այցելած ուխտավորներին, որոնց գերակշիռ մաս վերջում միացավ երիտասարդական կենտրոնի պարող սաներին, հայտնում է akhaltskha.net-ը: