23 մայիսի 2013 - 16:54 AMT
«Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի արդեն հաջորդ ամսվա սկզբի՞ն

«Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան՝ ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով:Ինչպես գրում է «168 ժամը», ռուսական կողմը իր դիրքորոշումը չի փոխել. պատրաստ են վճարել 100 մլն դոլար և խոստանում են հետագայում կանոնավոր վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն հրաժարվում են ստանձնել «Նաիրիտի» նախկին պարտավորությունները: Ակնկալվում է, որ «Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի արդեն հաջորդ ամսվա սկզբին:

Ինչպես PanARMENIANNet-ի թղթակցին են հայտնել էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում, բանակցությունները միջազգային ընկերությունների հետ շարունակվում են և շահագրգիռ կողմերի թվում է նաև «Իտեռան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վեդոմոստին», ռուսական «Իտեռան» ու «Ռոսնեֆտը» ուսումնասիրում են քիմիական հսկայի արդիականացման հնարավորությունը:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բազմիցս է հայտարարել, որ 400-500 մլն դոլար է հարկավոր գործարանը միջազգային չափանիշներին հասցնելու համար:

2006թ. ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rainoville Property Limited ընկերությանը 40 մլն դոլարով, մնացած 10 տոկոսը պատկանում են ՀՀ կառավարությանը: