Ադրբեջանի ԱԳՆ նյարդային արձագանքը կրկին վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն, ուղղված բռնատիրական իշխանության պահպանմանը ու ժառանգական կլանի անզուսպ հարստացմանը ժողովրդի հաշվին, ձախողման է դատապարտված: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ ՀՀ ԱԽ նիստում:
«Ժողովրդին պետք է կերակրել ոչ թե սպիտակ ցուլիկի մասին հեքիաթներով, այլ, ինչպես ասվում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրամիության երեկվա հայտարարության մեջ, իրական քայլերով` ուղղված ժողովրդավարության և մարդու իրավունքների ապահովման ոլորտում կամավոր ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-ասել է Բալայանը: