Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպել է լրագրողների հետ:
Մինասյանը նշել է, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն արդեն անցյալ է, և պարզապես պետք է վերլուծություններ անել այդ խաղից: Մարզիչն ընդգծել է, որ բոլոր տղաները պատրաստ են հանդիպմանը:
«Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ մեկնարկային կազմում փոփոխություններ կլինեն: Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումն և պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում»,- ասել է Մինասյանը:
Դանիա- Հայաստան ԱԱ ընտրական մրցաշարի հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:15-ին: