12 հունիսի 2013 - 14:55 AMT
Մոսկվայում հայ գործարարի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել

Մոսկվայում հայ գործարար Հովիկ Մուրադյանի, որը Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է, սպանության փաստով քրեական գործ է հարուցվել «Սպանություն» 105 հոդվածով:

Հանցագործությունը կատարվել է հունիսի լույս 11-ի գիշերը Մոսկվայի Նովինսկի բուլվարում գտնվող Lotte Plaza Hotel-ի մոտ: Հովիկ Մուրադյանի մարմինը հայտնաբերվել է այդ փողոցում դանակահարության հետքերով, հայտնել է Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունը: Մարդասպանին հաջողվել է հեռանալ հանցագործության վայրից: Փաստով հարուցվել է քրեական գործ: Հանցագործը դանակահարել է գործարարին հենց հյուրանոցի մուտքի մոտ: Տեսախցիկները գրանցել են կատարվածը:

Ինչպես հայտնում է Life News-ը, 51-ամյա գործարարը ժամանել էր հյուրանոց հանդիպման: Հանցագործը նրան դանակի 5 հարված է հասցրել:

Զոհվածը Մոսկվայում հայտնի գործարար է: 1992թ. նա եղբոր հետ միասին հիմնեց միջազգային շինարարական «Բամո» ընկերությունը: Ըստ նախնական տվյալների Մուրադ Մուրադյանը զբաղեցնում է Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնը: