18 հունիսի 2013 - 10:41 AMT
Արթուր Աբրահամը դժգոհ է օգոստոսի 24-ի իր մենամարտի հոնորարից և սպառնացել է հեռանալ սպորտից

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը սպառնացել է իր փրոմոութեր Վիլֆրիդ Զաուրլենդին հեռանալ սպորտից:

Ինչպես հաղորդում է գերմանական «Բիլդ» թերթը, բռնցքամարտիկը դժգոհ է օգոստոսի 24-ին Շվերինում նամիբիացի Ուլլբֆորս Շիպեխոյի հետ կայանալիք մենամարտի հոնորարից և պատրաստ է ավարտել կարիերան:

«Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու ոչ օգոստոսի 24-ին, ոչ էլ ավելի ուշ,- հայտարարել է Աբրահամը,- Ես կարիք չունեմ կարիերաս շարունակելու և կարող եմ այն ավարտել հենց հիմա: Բռնցքամարտիկների հետ պետք է արդարացի վարվել»:

Աբրահամը այս տարվա մարտին տեխնիկական նոկաուտով անակնկալ պարտություն է կրել Ռոբերտ Շտիգլիցից և կորցրել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հիմա Աբրահամը մինչև հուլիսի 1-ն արձակուրդում է, սակայն նախընտրել է մարզադահլիճում պարապել և ոչ մի տեղ չմեկնել: