22 հուլիսի 2013 - 21:37 AMT
Լոլիկը կմթերվի անսահմանափակ քանակությամբ, խոստանում են մթերողները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ոլորտի վերամշակող ճյուղի ձեռնարկատերերին՝ ամփոփելու ծիրանի մթերման ցուցանիշները և նրանց հետ քննարկելու պտուղ-բանջարեղենի մթերման սպասվող ծավալները:

Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ վերամշակող ճյուղի վրա ահռելի պատասխանատվություն է դրված, քանի որ ՀՆԱ-ի մեջ այս ճյուղն ունի 6 տոկոսանոց չափաբաժին: «Մենք բոլորս պետք է կանգնենք գյուղացիների կողքին: Նա է արտադրողը և հարկ է նրան աջակցել թե պետական և թե մասնավոր միջոցներով՝ սահմանելով մթերման խելամիտ գին և ստեղծելով նրա համար բարենպաստ պայմաններ, իհարկե, չանտեսելով նաև ձեր բիզնես շահերը»,- ասել է նախարարը:

Մթերողները նախարարին հավաստիացրել են, որ պտուղ-բանջարեղենի մթերման առումով խոչընդոտներ չեն առաջանա: Մասնավորապես լոլիկը կմթերվի անսահմանափակ քանակությամբ: Իսկ դեղձի մթերման առումով ներկայացրին իրենց նախնական պահանջարկը՝ երաշխավորելով, որ ամեն ինչ կանեն մթերման աշխատանքները սահուն և կազմակերպված անցկացնելու համար: