29 հուլիսի 2013 - 11:45 AMT
Ակտիվիստները պահանջում են գրավոր արձագանքել իրենց ներկայացրած պահանջագրին

Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներից Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանն ու Սուրեն Սահակյանը հայտարարություն են տարածել, որով հայտնել են, որ քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուների պաշտոնանկությունը սկզբունքային հարց է իրենց համար: Հայտարարության մեջ ասվում է, որ կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան:

«Մենք` ՀՀ քաղաքացիներս Երևանի տրանսպորտի սակագների թանկացման ապօրինի որոշման կասեցումից հետո նստացույց հայտարարելով քաղաքապետարանի դիմաց`

1. Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերվող «Վճարում ենք 100 դրամ»-ի մյուս պահանջները: Այս պայքարի ընթացքում մենք ունեինք խնդիր, որը միահամուռ ուժերով կարողացանք ժամանակավորապես կասեցնել:

Այդ գործընթացի ժամանակ հանրությանը փորձում էին խոչընդոտել մարդիկ, որոնց ղեկավարում էին Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը: Ակցիաների խափանման գործում նրանք աչքի էին ընկնում քրեական տարրերին բնորոշ գործելաոճով: Սույն պաշտոնյաները տվյալ ոլորտում հանդիսանում են առանցքային կերպարներ և նման մարդկանց գոյությունն իսկ հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովներում վտանգի տակ է դնում հանրության շահերի պատշաճ պաշտպանությունը որոշումների կայացման ժամանակ:

Նման արժեհամակարգով անձինք իրավունք չունեն, ոչ միայն գտնվել այդպիսի պատասխանատու պաշտոններում, այլև ընդհանրապես մոտ լինել պետական կառավարման որևէ օղակի: Մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացուն ծեծող, հայհոյող, արհամարող անձը շարունակի պաշտոնավարել: Այդ պաշտոնյաների հեռացումը պետք է դառնա նախադեպ հաճախակի հանդիպող անպատժելիությունը կանխարգելելու համար:

2. Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անհապաղ գրավոր և մանրակրկիտ արձագանքել «Վճարում ենք 100 դրամ»-ի ներկայացված պահանջագրին: Այդ պատասխանի տրամադրումը բխում է օրենքի պահանջներից:

Վերահաստատում ենք, որ նստացույցի նպատակներին հասնելու համար վճռական ենք և այն տևելու է այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն: Մեր բոլոր գործողություններն ուղղված են ապօրինություն գործած պաշտոնյաների պաշտոնանկությանը և Երևանում հանրային տրանսպորտի ոլորտի արմատական բարեփոխմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից ուղեվարձը Երևանում 50 դրամով թանկացել էր, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երիտասարդության շրջանում: Վեց օր շարունակ նրանք տարատեսակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, հետագայում նրանց միացան նաև հայտնի անձինք: Հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց երևանցիներին, որտեղ նշում էր, որ կասեցնում է ուղեվարձի թանկացման մասին իր որոշումը: Հաջորդ օրվանից ակտիվիստները նստացույց սկսեցին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: