29 հուլիսի 2013 - 12:44 AMT
Արդարադատության նախարարությունը չի պատասխանում դիտորդական խմբի հաշվետվություններին

2013թ. հուլիսի 16-ին և 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն:

Ըստ դիտորդական խմբի՝ ներկայացված բոլոր հրատապ հաշվետվությունների առնչությամբ դեռևս որևէ պատասխան չի ստացվել, մինչդեռ կարգի համաձայն հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները արդարադատության նախարարության կողմից պետք է տրվեն երեք օրվա ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝ որպես իրավասու մարմնի նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն:

Նման գործելակերպի շարունակման դեպքում, դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլոր միջոցներով: