30 հուլիսի 2013 - 13:04 AMT
«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարարին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ծաղկաձորի երիտասարդական ճամբար և հանդիպեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Հրանուշ Հակոբյանը «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների համար հանդես եկավ հայկական Սփյուռքի ձևավորման, պատմության, առկա խնդիրներին և մարտահրավերներին դիմակայելուն նվիրված դասախոսությամբ, ներկայացրեց այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները և ծրագրերը, Հայրենիք-Սփյուռք գործակցությունը:

Անդրադառնալով Սփյուռքում ահագնացող խնդիրներին, ինչպիսիք են ուծացումը, խառնամուսնությունները, լեզվի և կրոնի պահպանումը՝ նախարարը ընդգծեց Սփյուռքի հետ տարվող աշխատանքների առաջնահերթությունները՝ հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի համախմբումը, հայրենադարձության խթանումը:

Նախարարն անդրադարձավ վերջին շրջանում ամենահրատապ համարվող սիրիահայերի հիմնախնդրին, նրանց աջակցելու ուղղությամբ կատարած աշխատանքներին:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը հայրենիքը ճանաչելու, մայրենի լեզուն սովորելու, գիտելիքներն ու փորձը հարստացնելու այս հնարավորության ընձեռնման համար:

Ինչպես հայտնում են Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ավարտին «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի սփյուռքահայ լրագրողների և Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցների խնդրանքով նախարար Հ. Հակոբյանը մասնակցեց կլոր-սեղան քննարկմանը, որի ժամանակ հորդորեց ներկաներին միասնական լինել համահայկական առաջնահերթության հարցերի լուծման գործում: Նախարարը մասնակիցների հետ քննարկեց համայնքներում լուծում պահանջող խնդիրները և պատասխանեց նրանց հարցերին: