11 նոյեմբերի 2013 - 19:20 AMT
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ ու ԵՄ միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 11-ի քառօրյայի մեկնարկին, վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Ներկա 108 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացումից մեկ ամիս անց:

Դյուրացված կարգով Շենգենյան վիզա կկարողանան ստանալ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներն և այլք:

Թոշակառուների, մինչև 12 տարեկան երեխաների ու մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիների համար վիզան կլինի անվճար, մյուսները կվճարեն զգալի զեղչերով:

Ավելի վաղ այս հարցով խորհրդարանում հրավիրված լսումներին ԱԳՆ Եվրոպայի վարչության ղեկավար Արմեն Լիլոյանը նշել էր, որ համաձայնագրերի վավերացումն ու արդյունավետ իրականացումը հնարավորություն է ԵՄ-ի հետ երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: