Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման մասին:
Ըստ նախարարի, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հարկավոր է թուրք-հայկական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր զարգացում, ինչպես նաև թուրք-հայկական հարաբերությունների համայնքների մակարդակով:
«Պետք է վերացնել Հայաստանի անվստահությունը Թուրքիայի հանդեպ, մյուս կողմից, Ադրբեջանի արդար պահանջները ևս չի կարելի անուշադրության մատնել: Մենք պետք է նոր ճանապարհ գտնենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ ԱՄՆ և Ռուսաստան այցի շրջանակներում մտադիր է բարձրացնել Կովկասում խաղաղության հարցը և քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը:
«Շուրջ 20 տարի այս հակամարտությունը սառեցված ու չկարգավորված է մնում: Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ խնդրի լուծման համար: Ժամանակն է այն կարգավորել»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է «Վզգլյադ. az»-ը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն վավերացման գործընթացը դադարեցվեց Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, որը նախապայմաններ առաջ քաշեց: Մասնավորապես, Թուրքիան պահանջում էր Հայաստանից Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքներն ու հրաժարվել Անկարային ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից: