Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների արդյունքում պետք է փաստաթուղթ ընդունվի, որը ցույց կտա Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, լրագրողներին է ասել արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մաննը Ժնևում բանակցությունների երկրորդ օրվա ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այդ բանակցային գործընթացը պետք է ավարտվի համաձայնությամբ, որը կհավաստիացնի միջազգային հանրությանը, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ բնույթ է կրում: Դա բարդ գործընթաց է: Պետք է լինի մի համաձայնություն, որը միանշանակ կլինի բոլորի համար»,- ասել է Մաննը:
Հինգշաբթի Էշթոնը երկու երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ, որոնք ընդհանուր առմամբ տևել են գրեթե 5 ժամ: Մաննը հստակեցրել է, որ խոսք է գնացել «էական, առանցքային հարցերի մասին»:
Բանակցությունները կշարունակվեն այսօր՝ նոյեմբերի 22-ին և կմեկնարկեն Էշթոն-Զարիֆ հանդիպմամբ:
Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել:
Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: