25 նոյեմբերի 2013 - 10:30 AMT
Իրանն ու «վեցնյակը» համաձայնության են հասել միջուկային ծրագրի շուրջ

Ժնևում հինգօրյա լարված բանակցությունների արդյունքում, որոնք տևեցին մինչև նոյեմբերի 23-ից լույս 24-ի վաղ առավոտը, «Վեցնյակն» ու Իրանը միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության են եկել: Բարաք Օբաման այն առաջին, բայց շատ կարևոր քայլ է անվանել, որը միջազգային հանրությանը հուզող հարցերի հետագա բանակցությունների ճանապարհ է բացում:

Ըստ Օբամայի, Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Հաջողության մասին առաջինը հայտնեց Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք եկանք համաձայնության»,-գրեց նա Twitter-ում: Հետո տեղեկությունը հաստատեցին ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: «Լավ նորություն է ամբողջ աշխարհի համար»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Հեյգը:

«Իրանը համաձայնվել է մի շարք լրացուցիչ միջոցների: Ընդլայնվում են ՄԱԳԱՏԷ-ի հնարավորությունները, մենք վստահ ենք, որ Իրանը բարեխիղճ կերպով կհամագործակցի գործակալության հետ»,-ասել է Լավրովը՝ հորդորելով «թուլացնել ճնշումն Իրանի վրա»:

Իրանի Press TV-ին Ջավադ Զարիֆի վրա հղումով հայտնել է, որ հետագա բանակցությունների ընթացքում Թեհրանը կարող է ընդհանրապես հրաժարվել ուրանի հարստացումից, եթե պատժամիջոցները չեղյալ համարվեն: Եթե ակնկալիքներն արդարանան, համաձայնագիրը ճանապարհ կհարթի դեպի բազմամյա առճակատման մեղմացում, հայտնում է BBC-ին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Երևանը ողջունում է Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,- իր հայտարարությունում նշել է նախարար Նալբանդյանը:

Միջազգային հանրությունը պահանջում էր Թեհրանից միջազգային հսկողություն հաստատել ուրանի հարստացման գործընթացի հարցում և դադարեցնել Արակում ռեակտորի կառուցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Առաջընթացը բանակցություններում հնարավոր դարձավ, երբ նախագահ ընտրվեց չափավոր ազատական համարվող Հասան Ռոուհանին, սակայն բանակցությունների առաջին փուլը Ժնևում նոյեմբերի 7-9 ապարդյուն ավարտվեց: