«Ուկրաինան չի հրաժարվում ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը, խոսում ենք այն ժամանակավորապես կասեցնելու մասին, քանի որ այսօրվա դրությամբ, նոյեմբերի 25-ի, երկու կողմերը՝ ԵՄ-ն ու Ուկրաինան պատրաստ չեն դրան»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան: Ըստ նրա, Ուկրաինայի ԱԳՆ-ն սատարել է կառավարության որոշմանն ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը կասեցնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում:
Ուկրաինական ընդդիմությունն իր վրդովմունքը հայտնեց այս որոշման վերաբերյալ՝ պաշտոնանկությամբ սպառնալով կառավարությանը, իսկ նախագահին՝ իմպիչմենտով: Կառավարության որոշումից դժգոհ ուկրաինացիները հինգշաբթի երեկոյան դուրս են եկել բողոքի ակցիայի Կիևի կենտրոնում: