9 հունվարի 2014 - 11:14 AMT
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ ԱԽ հերթական բանաձևը Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ ԱԽ անդամները մեկ ամսում արդեն երկրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Սիրիային վերաբերող հայտարարության նախագիծը: Ինչպես հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին դիվանագիտական աղբյուրը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, փաստաթղթի ընդունման նախաձեռնողը, որտեղ առաջարկվում էր դատապարտել միայն Սիրիայի իշխանությունների գործողությունները, Մեծ Բրիտանիան է:

Ըստ զրուցակցի, փաստաթղթի վրա աշխատելիս ՌԴ պատվիրակությունը «մատնանշեց հայտարարության նախագծի անհավասարակշիռ բնույթը» և առաջարկեց փոփոխություններ կատարել, մասնավորապես, պնդելով, որ հիշատակվեն նաև ընդդիմության հանցագործությունները: «Սակայն, հեղինակները դեմ եղան դրան, և մեկ օր անց նախագիծը հանվեց քննարկումից»,-ասել է դիվանագետը:

Դեկտեմբեի 18-ին հայտարարության նմանատիպ նախագծի առաջարկով հանդես եկավ ԱՄՆ-ն: Հայտարարության նախագիծը հիմնականում կառուցված էր ԶԼՄ-ների հաղորդագրությունների ու անանուն «իրավապաշտպանների» տեղեկությունների վրա, ասվում էր, որ Հալեպում Սիրիայի իշխանություններն ամեն տեսակի զինամթերք են օգտագործել, այդ թվում «Սկադ» տիպի հրթիռներ:

Ինչպես հետագայում հայտնեցին ՌԴ ԱԳՆ-ում, ամերիկյան կողմին առաջարկվեցին «մի շարք կառուցողական ուղղումներ փաստաթղթի տեքստում, այն ավելի հավասարակշռված դարձնելու նպատակով»: Սակայն, դրանք չընդունվեցին և հայտարարության նախագիծը հանվեց քննարկումից:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: