Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Կոնգրեսի ևս 27 անդամների հետ համատեղ նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթակոմիտեի նախագահ Քեյ Գրեյնջերին, կոմիտեի նախագահ Նիտե Լոուեին՝ խնդրելով ավելացնել 2015 թվականի համար նախատեսված ֆինանսական աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, գրում է Asbarez-ը:
Մասնավորապես, կոնգրեսականները խնդրում են հարցում ուղարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որպեսզի վերջինս առնվազն 5 մլն դոլար հատկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ու զարցաման ծրագրերի համար, ինչպես նաև 40 մլն դոլար որպես ընդհանուր տնտեսական աջակցություն Հայաստանին:
«Մենք երախտապարտ ենք կոնգրեսականներ Փալոունին ու Գրիմին և նրանց բոլոր գործընկերներին, որոնք ստորագրել են այդ ուղերձը, օգնության համար, որի նպատակն է հայ-ամերիկյան բազմամյա բարեկամության ամրապնդումը: Մենք գնահատում ենք նրանց աջակցությունն աշխարհի այդ առանցքային տարածաշրջանում խաղաղության, կայունության ու ժողովրդավարության կայացման գործում», -հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Մի խումբ կոնգրեսականներ խնդրել են նաև աջակցել Սիրիայում բարձր ռիսկի տակ գտնվող բնակչության խմբերին, այդ թվում նաև հայերին ու քրիստոնյա համայնքներին: Կոնգրեսականները խնդրել են նաև օժանդակել կայուն զարգացման հիմնադրամներին Ջավախքում աշխատատեղերի ստեղծման հարցում և կասեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ Ալիևի կառավարությունը չի կասեցրել հարձակումները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վրա և չի համաձայնվել, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ միջոցներով:
1995 թվականին ԱՄՆ Կոնգրեսում ստեղծվեց Հայաստանին աջակցող երկկուսակցական խումբ: Այն հիմնեցին ժողովրդավար Ֆրենկ Փալոուն ավագը և հանրապետական Էդվարդ Փորթերը: Հետագայում Փորթերի տեղը զբաղեցրեց Ջո Նոլենբերգը: Խումբն աշխատում է Ներկայացուցիչների պալատում՝ նախաձեռնելով հայկական հարցերի քննարկումներ: Այժմ խումբը գլխավորում են ֆրենկ Փալոուն կրտսերն ու Մայքլ Գրիմը: