15 ապրիլի 2014 - 16:06 AMT
Իրանցի պատմաբան. ԱՄՆ Սենատը կարող է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի կառավարության համար գլխացավանք է դարձել», իրանական Irna լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է «Գիրիսուն» համալսարանի դասախոս Աբբաս Ղարե Աղաչլուն:

Իրանցի գիտնականը` անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, նշել է. «Աշխարհի 36 երկրի խորհրդարան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Հաշվի առնելով Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջացող լարվածությունը՝ հնարավոր է, որ ԱՄՆ Սենատը պաշտոնապես ճանաչի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը», գրում է Panorama.am-ը:

Շարունակելով խոսքը՝ Աբբաս Ղարե Աղաչլուն հավելել է. «Մինչև այդ հրեական լոբբին կարողանում էր արգելափակել նմանատիպ օրինագծերը, սակայն «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո իրավիճակը փոխվեց և չեմ կարծում, որ այսուհետ հրեական լոբբին նախկինի պես օգնի Թուրքիային: Եթե հայկական, հրեական և հունական լոբբիները միավորվեն, ապա ԱՄՆ Սենատը կհաստատի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ իրանցի գիտնականը նշել է. «Մինչև 2015թ. Թուրքիայի համար դժվար է լինելու. մի կողմից նախագահական և խորհրդարանական ընտրությունները, մյուս կողմից սիրիական ճգնաժամը»:

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս մնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան 2008-2009 թթ. Գազայի հատվածում իսրայելյան գործողությունից հետո: Հարաբերությունները փաստացի փակուղի մտան, երբ 2010 թ. մայիսին միջազգային «Ազատության նավատորմի» մեջ մտնող թուրքական «Մավի Մարմարա» նավի ընթացքը Գազա կասեցվեց: Իսրայելի հատուկջոկատայինների գործողության արդյունքում զոհվեց Թուրքիայի 8 քաղաքացի և թուրքական ծագումով ԱՄՆ մեկ քաղաքացի: