Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է համայն հայությանն ու Հայաստանի բոլոր բարեկամներին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեր գլխավոր թշնամին համայն հայությունն է»՝ սա Թալեաթ փաշայի կամ Աբդուլ Համիդի խոսքերը չեն, և 1915 թվականին չէ, որ ասվել են: Սա ասում է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, նավթով հարուստ Բաքվի բռնապետը, որը բացահայտ հավակնություններ ունի Երևանի հանդեպ, ներում է շնորհում հայերի մարդասպաններին ու իր թուրք գործընկերների հետ ձգտում է մեկուսացնել Հայաստանն ու ոչնչացնել Արցախը: Ալիևը համակված է իռացիոնալ ատելությամբ հայերի հանդեպ՝ բոլորի և յուրաքանչյուր առանձին հայի հանդեպ աշխարհում: Նացիստական Գերմանիայի ժամանակներից ի վեր մենք չենք տեսել առաջնորդի, որն այդպես է վերաբերվում մի ողջ ազգի և դրանք լոկ խոսքեր չեն: Իր սպառնալիքները նա ամրապնդում է իր շահերի լոբբինգով՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ նպատակի համար, սահմանների վրա հարձակվելով, դիպուկահարների կրակով, որոնք սպանում են խաղաղ բնակիչների ու բազմամիլիոնանոց սպառազինության մրցավազքով: Անձամբ Ալիևը տարեկան ավելի շատ է ծախսում, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն է: Անկարայի իր դաշնակիցների հետ նա անում է ամեն ինչ ավարտին հասցնելու այն, ինչ սկսվել էր 1915 թվականին: Նա հայտարարել է իր մտադրությունների մասին, նա ունի հնարավորություն և նա զինվում է»,-գրում է Համբարյանը:
Ինչպես գրում է Արամ Համբարյանը, Ալիևի ճանապարհին են կանգնած խիզախ երիտասարդները, որոնք օր ու գիշեր հսկում են Հայաստանի սահմանները: Այդ զինվորներն իսկական հերոսներ են: «Հայկական բանակը մեր հայրենիքի պաշտպանության առաջին գիծն է: Բայց ինչպես ցանկացած բանակ, այն ռեսուրսների կարիք ունի, մենք պետք է սատարենք ու ամրապնդենք նրա ռեսուրսները, օգնենք Հայրենիքին, առավել ևս, որ 10 հայից 7-ը արտերկրում է բնակվում: Մենք չենք կարող զոհերի գնալ զինվորների շարքում, որոնք ամեն օր իրենց կյանքն են վտանգում, պաշտպանելով սահմանը: Բայց մենք հայտարարում ենք նաև, որ մեր դիրքերն ամբողջ աշխարհում ամուր են: Ամբողջ աշխարհի հայերը, ոգեշնչված Հայ Դատի գաղափարներով, իրոք կարևոր դեր են կատարում մեր հայրենիքի պաշտպանության ու մեր իրավունքների առաջ մղման գործում:
Այսօր մեր գործունեությունը կարևոր է, ինչպես երբեք: Հիշեցնեմ մեծն Չարենցի խոսքը. «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Չարենցն իրավացի էր այն ժամանակ, իրավացի է նաև այսօր:
Մենք պարտական ենք մեր նախնիներին, մեր ապագային և ինքներս մեզ: Եվ մենք պետք է պայքարենք բոլոր ճակատներում՝ պահանջենք Հայոց ցեղասպանության ճանաչում ու հատուցում, ներառյալ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձը, պետք է պայքարենք հանուն Հայաստանի հզորացման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտագաղթը կասեցնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը զորացնելու, Հայրենիքի ու Սփյուռքի միջև համաձայնության հաստատման համար: Մենք պետք է պայքարենք ԼՂՀ անկախության ճանաչման համար և Ամերիկայում հակահայկական լոբբինգի դեմ, սատարենք հայի ինքնության ու մշակույթի պահպանությանը Սփյուռքում՝ ներգրավելով երիտասարդներին ու սատարելով նրանց քաղաքացիական ակտիվությանը, պաշտպանենք մեր համայնքները Մերձավոր Արևելքում՝ ապահովելով միջազգային հումանիտար օգնություն»,-նշել է Արամ Համբարյանը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը: