Եվրասիական տնտեսական միության նիստում Ռուսաստանն առաջարկեց Մաքսային միության շրջանակում իր գործընկերներ Բելառուսին ու Ղազախստանին ընդունել նոր ռեժիմ ուկրաինական ապրանքների համար, որով սահմանափակվելու էր դրանց ներմուծումը: Սակայն Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվեցին ընդունել նորացված նախագիծը: Ըստ Մաքսային միության կանոնների, Ռուսաստանն իրավունք է ստանում գործելու միակողմանի կարգով: Բելառուսի փոխվարչապետ Սերգեյ Ռումասը հաստատել է այս տեղեկատվությունը: Ըստ նրա, Բելառուսը կտրուկ դեմ է եղել առաջարկին: Նա վստահ է, որ այս պահին հնարավոր չէ գնահատել ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի հնարավոր սպառնալիքները, ուստի շտապողական միջոցների անհրաժեշտությունը չկա, հայտնում է ՏՎՑ-ն:
Ավելի վաղ, հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչը: ՌԴ ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ եթե սպառնալիք առաջանա Ռուսաստանի տնտեսությանը, ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: Որպեսզի ասոցացման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացվի Եվրոպայի երկրների և Ուկրաինայի խորհրդարանների կողմից, սակայն, ըստ փորձագետների, մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտն ուկրաինացի խորհրդարանականները չեն հասնցի վավերացնել փաստաթուղթը:
Հունիսի 26-ին ԵՏՄ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին հայտարարեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար ամսվա վերջում: Հայաստանի, ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է որոշեն փաստաթղթի ստորագրման վայրն ու ամսաթիվը, նշել է նա:
Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ժամկետը հետաձգվում է:
Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ հստակ ասել, թե արդյոք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը: Նա նշել է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն: Նախարարը գերադասել է չբարձրաձայնել այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է:
Մինչ այդ, մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե կոնկրետ երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես խուսափել էր կոնկրետությունից՝ սահմանափակվելով միայն այն փաստի գրանցումով, որ ըստ ընդունված որոշման պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման համար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:
Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:
«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները: