2 օգոստոսի 2014 - 13:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հակառակորդը գնդակոծել է Տավուշի Բարեկամավան գյուղը․ Տուժածներ չունենք

Օգոստոսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը զգալի կորուստներ է կրել: Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում:

Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը:

Երեկ՝ օգոստոսի 1-ին, կեսօրին մոտ Բարեկամավանը նորից հակառակորդի կրակահերթի տակ էր: Գյուղապետ Գագիկ Աբազյանի խոսքով, գյուղի ուղղությամբ գնդակոծությունը տևել է 15 րոպե, գրում է «Սիվիլնեթ»-ը:

«Հայկական կողմը շատ կարճ ժամանակում լռեցրեց հակառակորդին»,- ասել է Աբազյանը: Նա նաև նշել է, որ Բարեկամավանը տարհանելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: «Լարվածություն կա, բայց գյուղն ապրում է իր առօրյայով»,- եզրափակել է նա` հավելելով, որ հակառակորդի գնդակները վնասել են տանիքներն ու պատուհանների ապակիները են կոտրվել, բայց մեծ վնասներ չկան։

Իր հերթին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում:

«Պարբերաբար հնչում են կրակոցներ: Իրավիճակն իմ տպավորությամբ լիովին վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից»,- գրել է Փաշինյանը:

Այսօր վաղ առավոտից ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել նաև մարզի Ոսկևան-Բաղանիս ուղղությամբ: Գյուղերի բնակիչների խոսքով:

Ինչպես նշել է Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը, կրակը բացվել է վաղ առավոտյան, բայց հայկական կողմն անմիջապես լռեցրել է հակառակորդին:

«Առավոտյան ժամը յոթից հանգիստ է»,- նշել է Ալեքսանյանը:

Հարաբերական հանգիստ է նաև Դովեղում: Տեղի բնակիչների խոսքով, ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ: Այսօր՝ օգոստոսի 2-ին, գյուղացիները դուրս չեն եկել դաշտեր ու այգիներ, որտեղ հակառակորդի ուղղակի կրակի տակ են:

Մինչև այդ հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հուլիսի 28-ի երեկոյան:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանըն անդրադառնալով սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցին, նշել է, որ դեմ է դրան:

Ադրբեջանական դիրքերից հուլիսի 21-ին կրկին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարել գյուղատնտեսական աշխատանքներին, կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա: Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում ևս կրակոցներ են եղել։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, որն աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը:

Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել:

ՖՈՏՈՇԱՐՔ