Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը (IRFS) խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ արշավը և կոչ է անում իշխանություններին՝ անմիջապես վերջ տալ ոտնձգություններին։
Ինչպես նշվում է, Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ զրպարտության մեղադրանքով քրեական հայցը, Հայաստանի հետ համագործակցելու համար նրան պետական դավաճանության մեջ մեղադրելը և վերջերս Բաքվի օդանավակայանում նրան պահելը հստակ ցույց են տալիս, որ նրա ձերբակալությունն անխուսափելի է։
Դատախազությունը նրա նկատմամբ ճամփորդական արգելք է սահմանել, որի պատճառով հոկտեմբերի 12-ին Իսմայիլովան չի կարողացել մեկնել Պրահա և մասնակցել միջազգային ֆորումի։ Լրագրողին, սակայն, չեն ներկայացրել ճամփորդական արգելքի մասին դատարանի որոշումը։
Առանց օրինական հիմքերի ճամփորդական արգելքը կոպտորեն խախտում է Իսմայիլովայի տեղաշարժման ազատությունը, որն ամրագրված է Ադրբեջանի կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։
IRFS-ը նշում է, որ Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումները կապված են նրա գործունեության հետ, ով հետաքննել է Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ կապված աղմկահարույց կոռուպցիոն դեպքերը, միջազգային հանրությանը տեղեկացրել Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների իրավիճակի մասին։
IRFS-ը միջազգային հանրությանը հիշեցնում է, որ վերջին 2 ամիսներին Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման առումով աննախադեպ են եղել։ Մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունն ավելին քան ակնհայտ է։
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը կոչ է անում նախագահ Իլհամ Ալիևին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել խոսքի ազատության ապահովման համար՝ նրան հիշեցնելով իր սահմանադրական պատասխանատվության մասին՝ որպես մարդու իրավունքների երաշխավոր: Կազմակերպությունը միջազգային կառույցներին՝ հատկապես Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին, կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ խոսքի ազատության ապահովման համար իր ստանձնած պարտավորությունների կատարման համար և մասնավորապես պահանջել ապաքրեականացնել զրպարտության մասին օրենքը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ընդունվել է Ադրբեջանում կոռուպցիայի մասին գրող հետաքննող լրագրողների նկատմամբ ճնշումների մասին բանաձևի նախագիծ, որը հուլիսի 3-ին հրապարակվել է ԵԽԽՎ կայքում։ Այն ԵԽԽՎ-ում նախաձեռնել է ՀՀ պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի։
Բանաձևի նախագծով Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում կոռուպցիոն բացահայտումներ կատարող հետաքննող լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների ամենաբարձր մակարդակի կապակցությամբ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց ուղղված քննադատությունները լռեցնելու ամենավառ օրինակն Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան է։