3 նոյեմբերի 2014 - 14:09 AMT
ՀՀ-ն ու Արցախը Լոնդոնում կմասնակցեն World Travel Market ցուցահանդեսին. Ադրբեջանցիները վրդովված են (թարմացված)

Նոյեմբերի 3-6-ը Լոնդոնում ընթանում էWorld Travel Market միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Մեր երկիրն այնտեղ ներկայացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ՀՀ 5 զբոսաշրջային ընկերության հետ համատեղ:

Նույն տաղավարում ներկայացված է նաև Արցախի Հանրապետությունը: Հյուրերը կծանոթանան Հայաստանի ու Արցախի քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նյութերին անգլերեն լեզվով: Նման ցուցահանդեսներին մասնակցելու հիմնական նպատակը եվրոպական շուկայում ճամփորդությունների խթանումն է դեպի ՀՀ ու ԼՂՀ:

Սա վրդովմունք է առաջացրել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում, ովքեր հրավիրել են ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությունն այս փաստին:

Musavat.com-ը գրում է, որ հուսով են՝ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը բողոք կհղի և կհարկադրի հեռացնել տվյալ ստենդը:

Այս տարի ցուցահանդեսին մոտ 5000 զբոսաշրջային ընկերություն է մասնակցում և ոլորտի մոտ 50 հազար մասնագետ 186 երկրից:

World Travel Market առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1980-ին: Ցուցահանդեսի կարգախոսն է՝ «WTM-ը նշանակում է բիզնես»: Ըստ մասնակիցների, WTM իդեալական հարթակ է նոր զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու և առաջ տանելու համար:

Ցուցահանդեսի գործարար մասը ներառում է համաժողով, ուղևորությունների տեխնոլոգիաներ, կլոր սեղան ճամփորդների համար բջջային հավելվածների հարցերի շուրջ:

Ցուցահանդեսի լսարանը զբոսաշրջային ոլորտի մասնագետներն են, ինչպես նաև ավիափոխադրողները, հյուրանոցների, սպորտային ու SPA-կենտրոնների աշխատակիցները, ծովային ուղևորությունների կազմակերպիչները, ինչպես նաև պետական կառույցների, ազգային արգելոցների ներկայացուցիչներ, ներդրողներ, անձնակազմի ընտրության և ուսուցման պատասխանատուներ, մասնագիտական միավորումներ:

2013-ին ցուցահանդեսը ռեկորդային թվով մասնակիցներ ու այցելուներ ունեցավ՝ մոտ 5 հազար մասնակից և 50 հազար հյուր:

2012-ին World Travel Market-ն ընդունեց գրեթե 5 հազար մասնակցի 184 երկրից, այցելուների թիվը մոտ 28 հազար էր: