Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ադդին Հասսունը և կրոնի հարցերով նախարար Մուհամմադ Աբդ ուլ Սաթթար Ալ Սայեդը մուսուլման կրոնավորների ու ուսուցիչների պատվիրակության հետ այցելել են Դամասկոսի Հայոց առաջնորդարան:
Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ պատվավոր հյուրերին ընդունել են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի ազգային իշխանության ներկայացուցիչները:
Այցելությունը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում, որի մեկնարկը տրվել է 2015-ի հունվարի 6-ին՝ Դամասկոսի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում:
Սիրիայի մուֆթին և կրոնի հարցերով նախարարն այս այցելությամբ իրենց զորակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ՝ դատապարտելով ոճրագործ թուրքերի կատարած ցեղասպանությունը:
Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին: Եկեղեցին նախկինում բազմիցս է դարձել իսլամիստների թիրախը: Ռազմավարական նշանակություն այն չունի, Հալեպի բնակիչները, ոչ միայն հայ կաթոլիկները, հաճախ են օգտվում եկեղեցու ջրհորներից ջրի պակասի պատճառով: Գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, հարվածներ են հասցվել նաև մոտակա բնակելի թաղամասերին:
2014-ի սեպտեմբերին ԻՊ-ն ականապատեց և պայթեցրեց սիրիական Դեր Զորում գտնվող Սբ Նահատակաց հայկական եկեղեցին: Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։Եկեղեցին տուժել էր նաև 2012-ին սիրիական զորքերի ավիահարվածի ժամանակ:
2013-ի սեպտեմբերին ԻՊ գրոհայինները թալանեցին Ռաքքայի հայկական եկեղեցին՝ վայր նետելով նաև խաչը, իսկ 2014-ի գարնանը Քեսաբի վրա հարձակման ժամանակ պղծվեց Սբ Երրորդության եկեղեցին: