19 հունվարի 2015 - 14:07 AMT
«Հայոց ցեղասպանության 100-ամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողով՝ Բեյրությում

Բեյրութի Հայկազյան համալսարանը և Հայոց ցեղասպանության Լիբանանի 100-ամյակի Կենտրոնական մարմինը հունվարի 31-ից փետրվարի 1-ը «Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով միջազգային գիտաժողով ենկազմակերպում:

Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ-» կենտրոնի տեղեկացմամբ, զեկույցներով հանդես կգան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, («Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքները»), միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը («Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը միջազգային իրավունքի միջոցներով»), Բեյրութի հայ ավետարանական քոլեջի տնօրեն Զավեն Մսըրլյանը («Միջազգային համայնքի հակազդեցությունը Հայոց ցեղասպանության ընթացքին և դրանից հետո»), լիբանանցի պատմաբան Սալեհ Զահրեդդինը («Պետությունների կողմից Հայոց ցեղասպանության չարաշահումն ընդդեմ Թուրքիայի»), միջազգային իրավունքի փորձագետ Արսեն Ավագյանը («Թուրքիա-Հայաստան հարաբերությունները 1991-2014թթ.»), ԱՆԻ կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը («Հայ-թուրք ոչ պետական hարաբերությունները»), թուրք պատմաբան Բյուլենթ Բիլմեզը («Թուրքիայի կեցվածքն իր փոքրամասնությունների հանդեպ (1923-2014)»), ազգագրագետ Հրանուշ Խառատյանը («Հայերի կարգավիճակը ժամանակակից Թուրքիայում. իսլամաց(վ)ած հայերը»):

Գիտաժողովի փակումից առաջ կկայանա Դամասկոսի համալսարանի դասախոս Նորա Արիսյանի «100 արաբական վկայություն, Հայոց ցեղասպանության 100-ամյակ» և լրագրող, Երևանի ԱՆԻ կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. կանաչ ու սև» հատորների (արաբերենով) շնորհանդեսը: Գիտաժողովի հովանավորն է Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը: