20 հունվարի 2015 - 12:08 AMT
Դիվերսիայի 8 փորձ մեկ գիշերում. Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել է հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ, որոնք ժամանակին կասեցվել են: Հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:

Միևնույն ժամանակ շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից ՊԲ հարավայինուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 1200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 12.000 կրակոց:Խախտումներից բացի, շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները հունվարի 12-ինդիվերսիոն ներթափանցման փորձեր են ձեռնարկել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է՝ հատուկ ջոկատայինները կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մոտ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ:

Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: