25 մարտի 2015 - 12:53 AMT
Կիպրոսի նախագահը հաստատել է իր մասնակցությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-25-ը կլինի Հայաստանում և կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Asbarez-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանի մամուլի գրասենյակը, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Պատգամավորի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կիպրոսի նախագահն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը և ապրիլի 23-25-ը կայցելի Երևան՝ «Կիպրոսի կառավարության զորակցությունը հայ ժողովրդին հայտնելու և Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար»։

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Կիպրոսի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նախագիծ են մշակել, որով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանությունը հերքողների, ժխտողների համար: Օրինագիծն առաջարկվում է ընդուել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, իսկ խորհրդարանի օրակարգում այն կլինի այս շաբաթ:

Ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին իրենց մասնակցությունն են հաստատել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: