Իտալիայի Տոսկանա նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով զորակցություն է հայտնում հայ ժողովրդին:
Բանաձևում նշված է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի Հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի հայ համայնքի խորհուրդը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունելու խնդրանքով նամակով դիմել է Իտալիայի նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:
Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին:
Իտալիայի Սենատը ընթացիկ տարվա փետրվարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ և 3 դեմ ձայներով ընդունել է Հոլոքոստի և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկության դեմ գործված հանցագործությունները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ:
Իտալիայի մոտ 60 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: