7 մայիսի 2015 - 17:14 AMT
Չինաստանում կառուցվող գործարանում բացառապես ռոբոտներ են աշխատելու

Չինաստանի տնտեսական հրաշքը նոր կերպարանք է ստանում` այդ երկրում աշխատող ընկերություններն աստիճանաբար անցնում են մարդկային աշխատուժի կիրառումը բացառող արտադրության. աշխատելու են միայն ռոբոտները: Նման որոշումներ կայացվում են հսկայական կորուստների պատճառով, կապված աշխատաշուկայում իրավիճակի վատթարացման հետ:

Չինական Shenzhen Evenwin Precision Technology ընկերությունը չինական Դունգուան քաղաքում սկսել է մի գործարան կառուցել, որտեղ բացառապես ռոբոտներ են աշխատելու: Ընկերության գլխավոր նպատակն է կրճատել անձնակազմը մոտ 90 տոկոսով: Նոր գործարանում 1800 մարդու փոխարեն աշխատելու է միայն 200-ը, որոնք կառավարելու են ռոբոտներին: Գործարանի կառուցման համար ներդրվող գումարը չի նշվում:

Նախորդ տարվա սեպտեմբերից ընկերությունները Դունգուանում ընդհանուր առմամբ 4,2 մլրդ յուան են ներդրել ռոբոտների արտադրության մեջ: Նախատեսվում է քաղաքի 505 գործարաններում ռոբոտներով փոխարինել 30 հազար բանվորի: Ակնկալվում է, որ մինչ 2016-ը աշխատակիցներին ռոբոտներով փոխարինելու գործընթացին կմիանա մոտ 1500 ձեռնարկություն: Գուանդուն գավառը, որտեղ գտնվում է քաղաքը, մտադիր է երեք տարում 943 մլրդ յուան հատկացնել արդյունաբերական ձեռնարկությունների համար ռոբոտներ գնելու նպատակով: